Շփման հայհոյախառն լեզուն՝ պայքարի գործիք․ ինչպե՞ս են քաղաքական ուժերը շփվում միմյանց ու հանրության հետ

 21:57 , 11.05.2022    Դիտումներ՝ 811   hy.armradio.amԼուրերՀասարակություն

Քաղաքական PR մասնագետները մտահոգվում են՝ վերջին շրջանում իշխանությունն ու ընդդիմությունը քաղաքական լեզվի ագրեսիվ ձևակերպումներով միմյանց հետ կարծես մրցակցության մեջ են մտել, իսկ այդպիսով տարածվող ատելությունը կարող է պայթյունավտանգ լինել։ Իշխանությունից ընդդիմությանը, ընդդիմությունից իշխանությանը կամ քաղաքական ուժերից հասարակությանը և հակառակը․ վերջին շուրջ 10 օրում այս շղթայում հնչող կոչերն ու խոսույթը ավելի քան մտահոգիչ է համարում «Հայկական Փի Առ ասոցացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

«Մենք այսպիսի ագրեսիվ կոչերով հաղորդակցական խոչընդոտներ ենք առաջացնում մարդկանց և հասարակության տարբեր խմբերի ու շերտերի մոտ, ինչը բերում է նրան, որ ուղղակի հայը հային սկսում է ատել, իսկ սա ամենավտանգավոր բանն է։ Այսօր էլ հնչում են ձևակերպումներ, որոնք հարիր չեն այն մարդկանց, որոնք կարծես պայքարում են հենց նույն երևույթի դեմ»,– ասում է Աստղիկ Ավետիսյանը։

Ատելություն, բևեռացում և տարանջատում՝ սրանք քաղաքական բարեկիրթ վարմունքին անհարիր ագրեսիվ ու անպատշաճ խոսույթի հնարավոր հետեւանքներն են։ Այն, ինչ այսօր կատարվում է քաղաքական հարթակներում, ըստ PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանի, պարզապես 2018 թ․ իրադարձությունների հակադարձումն է։

«Ընդդիմության շատ ներկայացուցիչներ այսօր թույլ են տալիս նույն սխալները, ինչպիսիք 2018–ին Նիկոլ Փաշինյանը․ այդ սխալներից ամենամեծը բաժանարար գծեր դնելն է հասարակության մեջ՝ սևեր–սպիտակներ, նախկիններ–ներկաներ։ Երբ կան այսպիսի բաժանարար գծեր, մարդիկ փորձում են իրենց դնել այս կամ այն կողմում, ինչը պառակտում է»,– կարծում է PR մասնագետը։

Ատելության խոսքը մեծապես տարածում են սոցիալական ցանցերը՝ ասում է Ավետիսյանը։ ՄԻՊ գրասենյակն իր հերթին տարբեր առիթներով արձանագրել ու ահազանգել է, որ սոցիալական մեդիայի հարթակներում սկիզբ առնող ու դրանից դուրս հորդող ատելության ու անհանդուրժողականության բառամթերքն ուղղակի նյութականացվում է փողոցում ֆիզիկական բռնությամբ՝ դա կլինի ոստիկանի, հավաքին չմասնակցողի կամ գաղափարկները չկիսողի նկատմամբ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ասում է՝ որպես ժողովրդավար պետություն այստեղ շատ անելիքներ ունենք։

«Ցավալիորեն, ատելության բևեռացված խոսույթի ամպլիտուդան գնալով բարձրանում է։ Հենց դա է մեզ հիմք տալիս պնդելու, որ բռնություններն ուղղակիորեն կապված են դրա հետ։ Եվ այս վիճակը մեղմելու պարտավորությունը բոլորինս է՝ հավաքի կազմակերպիչներինն է, քաղաքական ուժերինն է, նույնիսկ նրանցը, որոնք չեն մասնակցում, լրագրողներինն է, իրավապաշտպաններինն է»։

Քաղաքական բեմից հնչող արտահայտությունները, որոնք մի քանի տարի առաջ կարող էին զարմացնել հասարակությանը, այսօր արդեն սովորական են դարձել՝ մտահոգվում է ՄԻՊ–ը և շեշտում՝ հիմա տարբեր հարթակներում և հավաքներում հնչող կոչերը կարող են վաղը նաև միջազգային ատյաններում Հայաստանի համար խնդիրներ ստեղծել։

«Երբ մենք, օրինակ, Ադրբեջանին կամ ադրբեջանցի պաշտոնատար անձանց քննադատում և ասում ենք, որ նրանք հայատյաց էթնիկ քաղաքականություն են տանում, մենք ինքներս պիտի դրա նույն օրինակը չկրկնենք։ Մենք կարող ենք պատմական տարբեր զգացողություններ ունենալ թուրքի նկատմամբ որպես ազգ, որպես հասարակություն, բայց նաև ժողովրդավարության պահանջն է, որ մենք էթնիկ ատելությունը չդարձնենք մեզ առաջ տանող ուժ»,– ասում է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

Իրավիճակը փոխելու առումով անելիքներ ունեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը և թե՛ ԶԼՄ-ները՝ շեշտում է «Հայկական Փի Առ ասոցացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Նա տարակուսում է՝ անգամ ժամանակին բավականին կոռեկտ բառապաշար ունեցող քաղաքական գործիչներ են այսօր դարձել են «հայհոյողներ»։

«Մի կողմում իշխանություն ունեցող մարդիկ պետք է հասկանան, թե ինչպես են հարաբերվում հասարակության հետ, ինչ կարելի է անել ազգային ժողովում և ինչ չի կարելի, ինչպես կարելի է ելույթ ունենալ և ինչպես չի կարելի, ինչ դիտանկյունից դա պետք է անել,և մյուս կողմից էլ արդեն փողոցում և հարթակներում կանգնած մարդիկ, ովքեր ելույթ են ունենում, իրենք էլ պետք է հասկանան, որ հասարակությունը, իհարկե, միատարր չէ, բայց բոլորն էլ հայ են»,– ասում է «Հայկական Փի Առ ասոցացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

Շատ կարևոր է, թե քաղաքական թեժ իրադարձություններից հետո ինչպես է հասարակությունը շարունակելու հաղորդակցվել՝ ասում է Աստղիկ Ավետիսյանը։ Հանրության շրջանում հաջողության հասնելու համար այսօրվա բևեռացնող և ատելություն քարոզող խոսույթի փոխարեն պետք է երկուստեք գեներացվեն միայն համախմբվածության և միասնականության կոչերը՝ ասում է։



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.