Ընդդիմության ակցիաների ընթացքում ագրեսիայի դրսևորումները՝ սադրանքի՞, թե՞ խորքային խնդիրների հետևանք

 18:40 , 10.05.2022    Դիտումներ՝ 756   hy.armradio.amԼուրերՀասարակություն

Թեև ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ հակակառավարական ցույցերը, երթերն ու ակցիաները բացառապես խաղաղ բնույթի են՝ ժողովրդի ճնշման ուժով իշխանությանը ներկայացված պահանջն իրականացնելու համար, բայց շուրջ մեկ շաբաթ տևող ակցիաների ընթացքում գրանցվել է բռնության հերթական դեպքը։

Եթե գրանցված նախորդ դեպքերում բռնությունները հայհոյանքի, ծեծկռտուքի կամ անձի ուղղությամբ շշեր նետելու դրսևորումներ ունեին, ապա Գյումրիում նախօրեին գրանցված դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց։ Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է՝ մի խումբ երիտասարդներ ծեծում են մի քանի տարեց մարդու։

Այս դեպքով հարուցվել է քրեական գործ։ Եվ՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը միանգամից սկսեցին օգտագործել տեսանյութը՝ մեկնաբանելով այն յուրովի։

Փողոցում պայքարող ընդդիմությունից ձերբակալվել են երիտասարդներ, հիմնականում դաշնակցության շարքերից։ Նրանցից մեկը՝ Տարոն Մանուկյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի որդին է։ Երիտասարդներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել համացանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութի պատճառով։ Երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ հարվածում տարեց ստղամարդկանց։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ին՝ Գյումրի ուղևորվող ընդդիմության ավտոերթի մասնակիցների ներկայությամբ։ Նախաքննության ընթացքում պարզվել է ինչպես երիտասարդների, այնպես էլ տուժած տղամարդկանց ինքնությունը՝ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը դեպքի պահին եղել է մեքենայի մեջ, որդու մասնակցությամբ բռնությունը դատապարտում է որոշ առումներով՝ հիմնավորելով, թե տեղի իշխանության սադրանքին են տրվել, իսկ համացանցում տեղադրված տեսանյութը տարեցների մասնակցությամբ կիսատ է՝ ասում է։

«Ամբողջ այդ շարասյունը հարձակման է ենթարկվել, հավկիթներով են հարվածել։ Այո, էն պապիկի ձեռքի փայտը, որ տեսեք, ձեռնափայտ չէր։ Մեկը ես չկարողացա ինձ զսպեի, ուղղակի թույլ չտվեցի ինձ։ Այն հայհոյանքները, որ տեղում էին, գյումրեցին դրանց ասում է «լաբարոշ»։ Ուղղակի կազմակերպված սադրանք էր։ Բնականաբար, ցանկացած բռնություն չեմ արդարացնում։ Եկեք երկու նժարի դնենք․ դատապարտում եմ պապիկների սադրողներին, տարիքը առած տպավորություն չէին թողնում այդ ագրեսիվ հարձակվողները։ Այդ մարդկանց ինչ–որ շահագրգռվածությամբ բերել, ինչ-որ սադրանքի առարկա են դարձրել։ Իրենց բռնություններով սադրեցին մեր երիտասարդներին։ Երիտասարդ էին, տաքարյուն էին, բայց քաղաքականացված երիտասարդը պետք է զսպի իրեն, պետք է նման բան թույլ չտա»։

Ձերբակալված երիտասարդները, սակայն, իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էին նաև 2020 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ կրկին տեսանյութ էր տարածվել համացանցում, որտեղ երևում էր, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները հավկիթներ նետում պատգամավորների ուղղությամբ, ծաղրական ու խուլիգանական արտահայտություններ անում, հարվածում պատգամավորի՝ ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի մեքենային։ Այն ժամանակ 15 բերման ենթարկվածների շարքում էին նաև մայիսի 8–ին աչքի ընկած երիտասրանդերը։

Հանրության մեջ աճող ագրեսիվության խորքային խնդիրների մասին է խոսում մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Մի կողմից շեշտում է՝ քաղաքացիներն ունեն խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու իրավունք, մյուս կողմից հստակեցնում է՝ ակցիան դադարեցնելու ոստիկանության պահանջի չկատարումը դիտվում է որպես օրենքի խախտում, իսկ ակցիայի մասնակիցներին սադրանքներից զերծ պահելու պատասխանատվությունը ակցիայի կազմակերպիչներինն է՝ ասում է։

«Մեր մշտադիտարկումներն այս օրերին ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայի հարթակներում սկսվող ատելության, անհանդուրժողականության խոսույթը ուղղակի նյութականացվում է հաջորդ օրերին փողոցում։ Կոնկրետ բռնության դեպքում՝ դա կլինի ոստիկանի նկատմամբ, դա կլինի հավաքին չմասնակցող կամ հավաքի գաղափարները չկիսող, կամ կարող է լինել ու եղել են դեպքեր հավաքի մասնակիցների նկատմամբ կոնկրետ բռնության դեպքեր։ Այսինքն՝ այստեղ խորքային պատճառները այդ մեկ օրվա մեջ այդ հավաքի ընթացքը չէ։ Խորքային պատճառները գալիս են այստեղից։ Միջազգային ստանդարտը ասում է, որ միայն բռնության դեպքերով չի կարելի հավաքը որակել որպես անօրինական կամ բռնի, եթե դա հավաքի մասնակիցների կողմից պատահական դրսևորումներ են»։

Օմբուդսմենը խնդրահարույց է համարում, որ բռնություններից հետո դատապարտող հստակ խոսքեր չեն հնչել։

«Եթե մենք սկսեցինք ընտրողաբար դատապարտել, մենք այդտեղ շատ վատ նախադեպ ենք ստեղծում կամ այդ նախադեպը շարունակում ենք։ Ուղղակի դատապարտումները հավաքի կազմակերպիչների կողմից, ուղղակի նշանակում են, որ իրենք դիստանցավորվում են նման դեպքերից և ուղղակի ուղերձ են հղում իրենց կողմնակիցներին, որ դա անընդունելի է»։

Զուգահեռ իրականության մեջ ընդդիմությունը շարունակել է Երևանում փակել փողոցներ և խաչմերուկներ։ Անհնազանդության երթերն ու ակցիաները «Դիմադրության» շարժումը օրը սկսեց 4 ուղղությամբ՝ Գայի պողոտայից, Րաֆֆու փողոցից, 15 թաղամասից և Սասունցի Դավթի արձանի մոտից։ Հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանությունը կրկին մի քանի տասնյակ ցուցարարների բերման ենթարկեց։

Ընդդիմադիրներները շարունակում են խոսել իրենց ապագա կառավարության ապագա անելիքների մասին։ Իշխան Սաղաթելյանը բացառում է նոր կառավարությունում որևէ օդիոզ դեմքի ներկայությունը։

«Այս օրերին ձեզանից շատերը մոտենում են մեզ, արդարացիորեն ասելով, որ այս հրապարակում հաճախ հայտնվում են մարդիկ, օրինակ՝ այսինչյան–այսինչը, ով օդիոզ դեմք է, ժամանակին պաշտոն է զբաղեցրել և դրսևորել ոչ վայել կեցվածք, պաշտոնական դիրքը օգտագործել է իր անձնական հարստության համար։ Ձեզանից շատերն ասում են՝ այդ մարդիկ ինչ գործ ունեն այս հրապարակում, մենք այդ մարդկանց պատճառով չենք գալիս հրապարակ։ Դուք ճիշտ եք ասում։ Նախ՝ մենք որևէ մեկին անձնական հրավեր չենք տալիս այս հրապարակ գալու, նաև ոչ մեկին չենք արգելում։ Բայց այս հրապարակից պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր հասարակության կողմից անընդունելի են, ապագա կառավարությունում որևէ տեղ և դերակատարություն չեն ունենալու»։

Իշխան Սաղաթելյանի ներկայացմամբ՝ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական։ Ընդդիմադիրները

չեն բացառում, որ բողոքի ակցիաների ընթացքում գալու է նաև կառավարական շենքերը շրջափակելու ժամանակը, որպես նպատակ՝ կանգնեցնելու պետական կառավարման համակարգը։

Այս ամենին զուգահեռ ոստիկանությունը բողոքի ակցիաներից շուրջ 3 ժամ անց հայտարարել է, որ մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան։



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.