Վանաձորի համար 8 մանկապարտեզը վերակառուցվում է. հերթում ևս երեքն են

 15:42 , 10.05.2022    Դիտումներ՝ 597   1lurer.amՏեսանյութերԼուրերՀասարակություն

Տասնամյակներ շարունակ տնակներում գործող Վանաձորի համար 8 մանկապարտեզը սուբվենցիոն միջոցներով վերակառուցվում է։ Արամ Քոչարյանն անհամբերությամբ է սպասում շինաշխատանքների ավարտին։ Երկու թոռներին այս մանկապարտեզ է ուղեկցելու:

Արամ Քոչարյան (շինարարական աշխատանքների ղեկավար) - Շատ բնակիչներ գալիս են իմ մոտ, հին մանկապարտեզի տեղն է էստեղ, ու ասում են՝ գիտե՞ք, մենք երեխա ժամանակ ստեղ մանկապարտեզ ենք գնացել, կառուցե՛ք, որպեսզի մեր թոռներն էլ գնան։

Հին մասնաշենքը փայտե վահանակներով կառուցված մեկհարկանի ժամանակավոր շինություն էր եղել։ Այն քանդել են, հիմա շենքի հիմքն են կառուցում: Պահանջված նորմերին համապատասխանող երկհարկանի նորակառույց մանկապարտեզը կհյուրընկալի մոտ 200 փոքրիկի՝ 6 խմբով։

Սուրեն Աբովյան (Վանաձորի գլխավոր ճարտարապետ, նախագծի հեղինակ) - Որոշեցինք, որ ուրախ շենք լինի, անունը էդպես ենք դրել՝ «Ուրախ շենք», որպեսզի նաև միջավայրը տրամադրի, որովհետև փոքրիկներին դեռ փոքր տարիքից պետք է սովորեցնել լավ ճաշակին, լավ բարքերին և լավ դաստիարակությանը։ Կարծում եմ՝ շենքի էս լուծումները որոշակի չափով կնպաստեն դրան։

Համար 8 մանկապարտեզի կառուցման առաջին փուլի ներդրումը կազմել է 43 մլն դրամ՝ 26 միլիոնը հատկացրել է կառավարությունը, 17 միլիոնը՝ Վանաձոր համայնքը։ Շինաշխատանքների երկրորդ փուլի համար կտրամադրվի մոտ 408 մլն դրամ:

Ռուբեն Մարգարյան (Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության խորհրդական) - Մանկապարտեզների ընտրությունը կապված է առաջին հերթին նրանից, թե ինչ պայմաններում են գործում նշված մանկապարտեզները։ Կոնկրետ համար 8 մանկապարտեզը տնակային մանկապարտեզ է եղել, ինչպես նաև երեխաների թվով պայմանավորված՝ իրականացվել է ընտրություն։

2022 թվականին Վանաձոր խոշորացված համայնքում սուբվենցիոն միջոցներով կվերակառուցվի ևս 3 մանկապարտեզ, որոնք հիմա նախագծման փուլում են։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.