«Աղբ թափելն ամոթ է». կամավորները մաքրության փառատոն են պլանավորել

 19:52 , 07.05.2022    Դիտումներ՝ 1421   1lurer.amՏեսանյութերԼուրերՀասարակություն

Ամենուր թափվող աղբից բոլորն են դժգոհ։ Ընդամենը մի շաբաթ առաջ շաբաթօրյակ էր, բայց ավելը ձեռքից ցած դնել չի լինում՝ ասում է Սասունցի Դավթի շուրջբոլորը կանաչապատող տիկին Մարուսյան։

Մարուսյա Փեթակչյան (Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակից) - Պապիրոսի բիչոկներն են շատ թափում, ինձ համար զզվելի՝ սեմիչկեքն են շատ թափում, շների կեղտերը շատ ա:

Մաքուր այգու մոտակա կեղտոտ կայարանամերձ հատվածում կամավորներն անցան գործի․ շատերին հայտնի՝ «օրը մեկ տոպրակ աղբ հավաքող» Հակոբ Միկոյանի թիմն է։ 175-րդ օրն է՝ նման ակցիաներ են անում։ Հավաքեցին նույնիսկ արագ սննդի կետի դիմացի ծխախոտի մնացորդները, թեպետ այդ գործն օրենքով տնտեսվարողը պետք է կազմակերպի։

Ինչպե՞ս կարելի է ձեռքն ընկածը շպրտել ուր պատահի։ Ակցիային միացած շրջակա միջավայրի նախկին փոխնախարարը մոլորված է՝ ո՞ւր ենք հասել, որ Երևան եկած ռուսները մեր փնթիությունից զարմացած սկսեցին իրենք մաքրություն անել։

Աննա Մազմանյան («ՄաքրաՊատում» թիմի անդամ) - Իրանք սկսեցին հավաքել ոչ այնքան որ մեզ ամոթահար անեն, այլ որ սովոր են ապրել մաքուր միջավայրում:

Այս հատվածում ամենաշատը մայթեզրին գցած ծխախոտի մնացորդներն են, թեպետ բոլորը փորձեցին համոզել` փնթին հաստատ իրենք չեն։

«ՄաքրաՊատումի» ակտիվիստները հավաքեցին անցորդների նետած դեռ ծխացող գլանակներից մինչև կերածի մնացորդները։ 15 րոպեում աղբով լցվեց Կանադայից՝ Մոնրեալից, Հայաստան եկած Մերիի մեծ տոպրակը։

Մերի Վազիրյան (կամավոր) - Պլաստիկ, ամեն տեսակի բան մը, սիգարետի տուփ և այլն:

Եթե մարդիկ վստահ լինեն, որ օրենքը գործում է, և աղբը չնախատեսված վայրում թափելու համար իրենց իրոք տուգանելու են, նման պատկեր չի լինի՝ համոզված է Աննա Մազմանյանը։ Պնդում է՝ աղբն ու աղքատությունը կապակցված են:

Աննա Մազմանյան - Դա մարդու ընտրությունն է՝ եթե դու ուզում ես ապրել կեղտոտ, աղքատ երկրում, խնդրեմ՝ խախտե՛ք օրենքները, թափե՛ք աղբը, ու միշտ ապրելու ես այսպիսի երկրում:

Կարելի է՞ փորձեմ գործիքը՝ հետաքրքրվեց տաքսու վարորդներից մեկը։ Ասաց՝ ամաչում է տուրիստներից, որ ամենուր այսքան կեղտոտ է: Բոլորս ենք պարտավոր հասկանալ մեր հողի արժեքը՝ արձանագրեցին «ՄաքրաՊատումի» թիմի հետ։ Հավաքելով՝ հարցը չի լուծվում, պետք է պարզապես չաղտոտել:

«Աղբ թափելն ամոթ է» կարգախոսով՝ Հակոբի թիմը մայիսի 8-ին մաքրության փառատոն է պլանավորել, բոլորին խնդրում-հորդորում է, յուրաքանչյուրն իր բակից, մոտակա տարածքից մեկ տոպրակ աղբ հավաքի։ «Մեկ քայլ առաջ» բանաձև են մշակել։

Հակոբ Միկոյան («ՄաքրաՊատում» նախաձեռնության հեղինակ) - Աղբ թափողը չպետք է գցի, չգցողը պետք է կողքինին նկատողություն անի, իսկ նա էլ՝ հավաքի, իր օրինակը ծառայեցնի՝ սա գիտակցության մեկ քայլ առաջն է:

Հողը, ասում է՝ վստա՛հ եղեք, կգնահատի հոգատարությունը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.