ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստ, կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու կարիք չի լինի

 13:37 , 28.04.2022    Դիտումներ՝ 807   hy.armradio.amԼուրերՀասարակություն

Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործելիս այլևս ՊՇՌ թեստ, կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու կարիք չի լինի։ Այդ պահանջը հանվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազման ցուցանիշը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կարանտինի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը ներկայացնելուց առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 144 դեպք։ Նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում։ Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 1 դեպք։

«Հաշվի առնելով համավարակի կայուն իրավիճակը և համավարակի նվազման տեմպերը ողջ աշխարհում, որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել։ Պետական սահմանի ցամաքային և օդային անցակետերում հանվել է ՊՇՌ թեստ կամ պատվաստումային սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,-ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ հանվել է նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.