Բժիշկները պետք է պարտադիր հավաստագրվեն, առանց դրա չպետք է աշխատեն. ԱՆ նախագիծը

 19:31 , 21.04.2022    Դիտումներ՝ 721   hy.armradio.amԼուրերՀասարակություն

Մինչև 2023 թվականի հունվարի մեկը Հայաստանում շուրջ 40.000 բուժաշխատող պետք է պարտադիր հավաստագրվի։ Հավաստագիր չունեցողների հետ աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն, նրանք չեն կարողանա որպես բժիշկ աշխատել։

Առողջապահության նախարարության մշակած այս ծրագրով ակնկալվում է, որ դա անպայման կանդրադառնա բժշկական օգնության և սպասարկման որակի վրա, քանի որ շարունակական բժշկական կրթությունն անմիջականորեն կապված է առօրյայում ցուցաբերվող օգնության որակի հետ։

Բժիշկ, դեղագործ, բուժքույր ու բուժակ՝ Հայաստանում գործող բժշկական ողջ անձնակազմը մինչև 2023 թվականի հունվարի մեկը պետք է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունենա։ Դրան հասնում են կրեդիտներ հավաքելով, իսկ կրեդիտ հավաքելու համար բուժաշխատողները պետք է մասնակցեն դասընթացների, սեմինարների, հրատարակեն գիտական աշխատություններ` «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը։

«Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար մեր բուժաշխատողները պետք է կուտակեն օրենքով սահմանված կրեդիտների նվազագույն քանակ և երեք տարվա մասնագիտական գործունեություն: Քանակը տարբեր է, կախված նրանից, թե բուժաշխատողը որ կատեգորիային է պատկանում: Ավագ բուժաշխատողների համար յուրաքանչյուր շրջափուլին անհրաժեշտ է 220 կրեդիտ, դեղագետներին՝ 160, միջին բուժաշխատողներին՝ 140, դեղագործներին՝ 100 կրեդիտ»:

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը 5 տարի ժամկետով բժշկական գործունեությունը շարունակելու թույլտվություն է`բացատրում է կենտրոնի տնօրենը: Կրեդիտների 3 տեսակ կա՝ գործնական, տեսական և ինքնազարգացման: Տեսականն ու գործնականը կարելի է կուտակել գիտաժողովներով, սեմինարներով կամ դասընթացներով: Երրորդ խումբն ինքնակրթության, ինքնազարգացման կրեդիտներն են, որոնք տրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի շրջանակում և գիտական աշխատանքների և աշխատությունների հրատարակման համար:

Նախկինում մասնագիտական գործունեության իրավունք ստանալու կամ այն շարունակելու համար բուժաշխատողներն անցնում էին 7-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ։ Սակայն, ինչպես Սոնա Սարգսյանն է նկատում, ժամկետը երկարատև էր, բուժաշխատողին կտրում էր մասնագիտական գործունեությունից։ Իսկ այս կարգավորմամբ համակարգը կրեդիտների պարտադիր քանակ է սահմանում, սակայն չի սահմանափակում՝ ինչ արագությամբ դրանք կուտակել՝ միանգամի՞ց, թե՞ 5 տարում։

«Նախկինում միակ տարբերակը, որով կարելի էր բժշկական գործունեությունը շարունակել, վերապատրաստումների դասընթացներն էին։ Պետությունը չէր համարում շարունակական կրթության ձևեր գիտական աշխատանքների հրատարակությունը, գիտաժողովներին ու համաժողովներին մասնակցությունը։ Մեր բուժաշխատողները գնում էին եվրոպական առաջատար կլինիկաներ, անցնում էին վերապատրաստումներ, սակայն այս ձևերը չէին ճանաչվում որպես շարունակական բժշկական կրթություն։ Նոր մոդելն ավելի լայն է, ավելի ճկուն, և մեր բուժաշխատողներին թույլ է տալիս իրենց հայեցողությամբ, իրենց կարիքներից ելնելով ընտրել այն միջոցառումը, որի շրջանակներում իրենք կուզենային կուտակել իրենց կրեդիտները»։

Բժշկության ոլորտում աշխատողների պարբերաբար մասնագիտանալը ողջունում է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը։ Մինչ այս կարգավորումը Հայաստանում լիցենզավորվել են միայն բժշկական գործունեություն ծավալող կազմակերպությունները։ Բժիշկները լիցենզավորվել են 1995–ից մինչև 2000թվականը։ Դրանից հետո մինչ օրս միայն վերապատրաստման դասընթացներ են անցել։ Հիմա առողջապահության նախարարությունն ուսումնասիրել է այլ երկրների փորձն ու կկիրառի այս նոր դրույթը։ Պարտադիր պահանջ կդառնա շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունենալը։

«Բոլորն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում պետք է շարունակական զարգացման գործունեությամբ զբաղվեն։ Ամեն օր պետք է անցած օրից շատ իմանան։ Մանավանդ, որ բժշկությունն ամեն օր զարգանում է»։

Կրեդիտային համակարգին անցնելը ողջունելի է, միայն թե, առողջապահական համակարգի առջև անցած երկու տարիների արհավիրքները հաշվի առնելով, բարդ է լինելու` կարծում է առողջապահության նախարարությունում երկար տարիներ աշխատած Ծաղիկ Վարդանյանը։ Այս կարգավորման խնդրահարույց կողմը լինելու են մարզերը։ Այնտեղ կան ծառայություններ, որոնք մատուցվում են ընդամենը մեկ մասնագետի կողմից, որոշ ծառայություններ առհասարակ չեն գործում։ Հավաստագրման գործընթացը չպետք է ավելի խորացնի խնդիրները` ասում է մարզերում 18 տարի աշխատած բժիշկը։ Մարզի և քաղաքի բժշկի դեպքում կիրառվող մոտեցումներն անհամաչափ են լինելու` մտահոգվում է։

«Այս բժիշկներն ունեն մի շարք խնդիրներ և՛ հեռավորության հետ կապված, և՛ մասնագիտական այլ խնդիրներով պայմանավորված։ Նրանք չունեն փոխարինող, որ կարողանան գալ Երևան՝ մասնակցելու կրեդիտավորման կամ վերապատրաստման դասընթացների»։

Մասնագետի մտահոգությունն է, որ կրեդիտավորումից չտուժեն մարզերն ու մարզերի բնակիչները։ Վարդանյանն առաջարկում է մարզերի ու քաղաքի բուժաշխատողների համար որոշակի լուծումներ տալ՝ համաչափության սկզբունքն այստեղ չկիրառել, որպեսզի չունենանք ռիսկեր սահմանամերձ համայնքներում բժշկական գործունեություն իրականացնող անձանց համար։

Իսկ Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչն այս մասով նկատում է` այս նոր մեխանիզմով կա նաև կրեդիտավորման ներկայացված նյութերի որոշակի ծավալ, և բուժաշխատողներն առանց աշխատանքից կտրվելու կարող են ընթերցել ու կուտակել իրենց կրեդիտները։ Շարունակական մասնագիտական զարգացումը յուրաքանչյուր բուժաշխատողի պարտականությունն է, բայց նաեւ պետության կողմից վերահսկման ենթակա կարեւոր օղակ, որպեսզի իրեն բժիշկ համարող ամեն մեկը չներկայանա որպես բժիշկ, քանի դեռ պետությունը չի ստորագրել նրա մասնագիտական գիտելիքների հավաստագրի տակ։



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.