Արգանդի պարանոցի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել վաղ փուլում

 20:20 , 13.04.2022    Դիտումներ՝ 112   1lurer.amՏեսանյութերԼուրերՀասարակություն

Մեր երկրում քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման նպատակով իրականացվում է արգանդի պարանոցի սքրինինգային հետազոտություն: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծրագրի շնորհիվ հիվանդացության ուշ փուլում դիմելիության մակարդակը նվազել է: Գինեկոլոգն ընդգծում է՝ վերջին տարիներին կանանց իրազեկվածությունը կրկնակի ավելացել է:

Մերի Մկրտչյան (Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ) - Վերջին երկու- երեք տարիներին արդեն կանայք իրենք են դիմում ՊԱՊ քսուք անցնելու համար, բայց 2015 թվականից, երբ նոր էր էս ծրագիրը ներդրվել, իհարկե, առաջնային օղակի գործը, ազդեցությունը շատ ավելի մեծ էր: Նրանք դիմում էինք առաջնային օղակ, օղակն արդեն ուղեգրում էր գինեկոլոգի մոտ էդ հետազոտությունը անցնելու:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով արդեն 7 տարի մեր երկրում 30-ից 60 տարեկան կանայք անվճար հետազոտվում են տեղամասային պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում քաղցկեղի կանխարգելման նպատակով: Կինը կարող է նույն հետազոտությունն անցնել երեք տարին մեկ:

Երվանդ Էլիբեկյան (Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն) - Այս թվականների ընթացքում մենք իրականացրել ենք ծրագրի շրջանակներում շուրջ 3 միլիոն 173 հազար հետազոտություն, որից շուրջ 330 հազարը ուղղված է եղել արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանը: Դա միակ եզակի քաղցկեղներից է, որը զարգանում է երկար ժամանակի ընթացքում և համապատասխան միջամտություն անելու դեպքում կարելի է ամբողջությամբ կանխարգելել:

Նախորդ տարի շուրջ 30 հազար կին է օգտվել ծրագրից: Ոլորտի պատասխանատուներն ընդգծում են՝ ծրագիրն արդյունավետ կլինի երկարատև իրականացման դեպքում: Օրինակ, Ֆինլանդիայում սքրինինգային ծրագրի երկարատև իրականացման արդյունքում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության տոկոսը գրեթե զրոյական մակարդակի է:

Մերի Մկրտչյան - Մեր պոլիկլինիկայում ստատիստիկ վերցնենք, եթե 100 կանանց մոտ կատարվել է ՊԱՊ հետազոտություն մոտ 20-30 կանանց մոտ հայտնաբերել ենք նորմայից շեղումներ: Այսինքն ատիպիկ տարբեր աստիճանի փոփոխություններ և այդ 30 կանանցից 25-ի մոտ ապահովվել է լիարժեք լավացում: Այսինքն՝ վաղ կանխարգելումը արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը:

Ծրագիրը մեր երկրում իրականացվում է պետպատվերի շրջանակում: Բժիշկները հորդորում են կանանց՝ ժամանակին հետազոտվել և հիվանդության առկայության դեպքում այն կանխարգելել վաղ փուլում:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.