Վերակառուցվում են վթարային դպրոցները

 16:28 , 21.02.2022    Դիտումներ՝ 136   1lurer.amՏեսանյութերԼուրերՀասարակություն

Մարտին Ղարիբյան (Հայանիստի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Արգելապատնեշներ են կապել, ամերիկյան ֆիլմերի նման, որ երեխաները չմոտենան, քարերը վերևի հատվածից կախված են:

Իսկ իրականում սա Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցն է: 352 աշակերտ ամեն առավոտ այստեղ է գալիս ինչ-որ բան սովորելու:

Մարտին Ղարիբյան - Սա մեր սանհանգույցներից մեկն է: Այս պատի հակառակ մասում դասապրոցես է ընթանում, բայց տեսեք՝ փոքրիկ հպում, և էս պատը կարող է մինիմում 5-6 երեխայի կյանքին սպառնալ:

Դպրոցը կառուցվել է 1970-ականներին ու գոյության կես դարի ընթացքում երբեք չի նորոգվել: Դեռ 2018-ին է ԱԻՆ-ը գնահատել 3-րդ կարգի վթարային, բայց հիմա վիճակն ավելի վատ է, նախորդ գարնանը քամին շենքի կտուրն է տարել:

Մարտին Ղարիբյան - 3-րդ հարկում բացի միջանցքից՝ դասարանները և կտուրի հատվածն ամբողջությամբ պատել ենք պոլիէթիլենով, որ անձրևաջրերը հնարավորինս քիչ 3-րդ և 2-րդ հարկ լցվեն:

Օգտագործում են միայն առաջին հարկը, երկհերթ են աշխատում. երեխաների կյանքն ամենից կարևորն է: Ամբողջ գյուղի տարածքում էլ արտեզյան ջրեր են հոսում, տարիների ընթացքում ներծծման, խնամքի պակասի արդյունքում այս վիճակին են հասել: Հայանիստի դպրոցն այն 46 դպրոցների ցանկում է, որոնք Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամը սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կա՛մ վերակառուցելու է, կա՛մ ամրացնելու:

Հայկ Գալստյան (ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող) - Հայանիստի միջնակարգ դպրոցն ընդգրկված է ծրագրի շրջանակներում, և նրա կառուցմանը մենք անպայման անդրադառնալու ենք: Արդեն իսկ պատվիրել ենք շենքի տեխնիկական վիճակի փորձաքննություն, որից հետո կորոշվի միջամտության տեսակը, այսինքն՝ կառուցելո՞ւ ենք, թե՞ ամրացնելու:

Հայանիստի նոր դպրոցը կկառուցվի շուրջ 432 աշակերտի համար, նախագծման աշխատանքները կավարտվեն տարվա վերջին: Ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխան կլինի, երկրաշարժերին էլ՝ դիմակայուն:

Հայկ Գալստյան - Գործող նորմերի համաձայն՝ բոլոր դպրոցները դիմակայելու են առնվազն 9 բալ երկրաշարժի: Այս համատեքստում մենք նախագծերը ենթարկում ենք միջազգային փորձաքննության, որ միանշանակ վստահ լինենք այս պահանջի ապահովմամբ:

34 դպրոցի նախագծեր արդեն մշակված են, դրանցից 7-ի շինաշխատանքներն ավարտվել են, ևս 20-ն այս պահին գտնվում են շինարարության տարբեր փուլերում:

Հայկ Գալստյան - Առաջիկայում նախատեսվում է իրականացել Աբովյանի թիվ 2-րդ, Փարաքարի միջնակարգ, Փոքր Վեդու միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի կառուցման աշխատանքները:

Ըստ ուսումնասիրությունների՝ հանրապետության դպրոցների շուրջ 90 տոկոսը գտնվում է վթարային վիճակում: Դրանք կառուցվել են խորհրդային նորմերով՝ այսինքն 7 բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմակայելու կարողությամբ: Դպրոցների վատթարագույն վիճակն է պատճառը, որ ի սկզբանե նախատեսված 46 դպրոցների կառուցման և ամրացումների փոխարեն՝ հիմնադրամը կկառուցի 31-ը:

Հայկ Գալստյան - Հիմնադրամը նոր դպրոցների նախագծման համար արդեն ընդունում է կազմակերպությունների նախագծային էսքիզները: Այստեղ կարող եք տեսնել մի շարք էսքիզներ, բոլորը ժամանակակից դպրոցներ են՝ յուրահատուկ ճարտարապետական լուծումներով, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի, մի շարք առավելություններով:

14 դպրոց Երևանում է, մնացածը՝ մարզերում: Կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը դեռևս 2015-ին են վարկային պայմանագիր կնքել: Շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականը: 130 միլիոն դոլարը գերազանցող ծրագրով կբարելավվեն շուրջ 20 հազար աշակերտի կրթական պայմանները:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.