Ֆիզմաթ դպրոցում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը

 16:12 , 21.02.2022    Դիտումներ՝ 119   1lurer.amԼուրերՀասարակություն

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ: Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 աշակերտ։

Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։ Նա շրջել է քննասենյակներում և հետևել օլիմպիադայի ընթացքին։

«Մաթեմատիկա» առարկայից 5-7-րդ դասարանցիների օլիմպիադան անցկացվում է մեկ փուլով, իսկ 8-12-րդ դասարանցիներինը՝ երկու փուլով՝ միջազգային օլիմպիադայի ձևաչափով։ Բողոքարկումից հետո կհրապարակվեն օլիմպիադայի արդյունքները։ Հանրապետական փուլին մասնակցած 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները 7 առարկայի գծով համարվում են միջազգային օլիմպիադայի թիմի հավակնորդներ:

Նախարարությունից հիշեցնում են, որ առարկայական հանձնաժողովները ձևավորվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.