Մաթեմատիկայի վիճակը «կայուն ծանր» է. կրթության տեսչական մարմնի ստուգումները

 22:36 , 16.02.2022    Դիտումներ՝ 139   1lurer.amՏեսանյութերԼուրերՀասարակություն

Հայանիստի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանն է: Ստուգողական աշխատանք են գրում: Սա դպրոցում Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների մաս է կազմում:

Սուրեն Ավետիսյան, ԿՏՄ հանրակրթության վարչության պետ - Այսօր մաթեմատիկա առարկայից գրավոր աշխատանքներ են տրվելու՝ սովորողների մնացորդային գիտելիքներն ստուգելու և պատկեր կազմելու նպատակով:

Մաթեմատիկա առարկայից իրենց գիտելիքներն են ստուգում նաև 9-րդ դասարանում: Իրաքցի Օմարն արդեն 8 տարի է Հայաստանում է, 3 տարի՝ այս դպրոցում: Մաթեմատիկան սիրելի առարկաներից է:

Պլանային ստուգումներ իրականացնելու համար դպրոցներն ընտրվում են ըստ ռիսկայնության, հաստատվում՝ նախորդ տարի:

Ալեքսանդր Շագաֆյան, Կրթության տեսչական մարմնի ղեկավար - Փորձում ենք հասկանալ, թե մեծ հաշվով ինչքանով է որակով կազմակերպվում կրթական ծառայությունը, և արդեն որերորդ տարին է Տեսչական մարմինը գրավոր աշխատանքներ է տալիս, դա ավանդաբար հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներն են: Ցավոք սրտի, ստիպված ենք արձանագրել, որ մաթեմատիկա առարկայի վիճակը շարունակում է, մեղմ ասած, մտահոգիչ մնալ:

Մաթեմատիկա առարկայի ցուցանիշը վերջին տարիներին կայուն ծանր է: 2019-ին այս գրավոր աշխատանքից աշակերտների հավաքած միջին միավորը 10 միավորային սանդղակում 4.4 է եղել, 2020-ին՝ 4.0, 2021-ին՝ 4.12: Նախորդ տարի 2739 աշակերտներից «գերազանց» է գնահատվել 132-ը (4.8 %), «լավ»՝ 351-ը (12.8 %), «բավարար»՝ 961-ը (35.1 %), «անբավարար»՝ 1295-ը (47.3 %)։

Ալեքսանդր Շագաֆյան - Սա այն դեպքում, երբ այդ գրավոր աշխատանքը նախորդ տարվա չափորոշչային պահանջի միջին բարդությունից ավել չէ:

2021-ին Տեսչական մարմինն ընդհանուր 143 ստուգում է իրականացրել նախադպրոցական, մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Հանրակրթական ուսումնական հաստատություններում 49 պլանային ստուգում է եղել, որից 45-ում խախտումներ են արձանագրվել: Սա նշանակում է, որ հանրակրթական ոլորտը շարունակում է մնալ ռիսկային:

Սուրեն Ավետիսյան - Ստուգման գործընթացը հաստատություններում տևում է մեկ շաբաթ, հետո այն Տեսչական մարմնի ծառայողների կողմից ամփոփվում է, խախտումներ արձանագրվելու դեպքում կազմվում է ստուգման ակտ:

Ամենատարածվածը տնօրենի կողմից մանկավարժական կադրերի ընտրության, սովորողների փաստաթղթավորման, անձնական գործերի վարման կարգավորումների, սովորողների կրթության հաջորդականության և շարունակականության հետ կապված խախտումներն են: Այս տարի վերականգնվել է Տեսչական մարմնի դասալսումների պրակտիկան:

Ալեքսանդր Շագաֆյան - Շատ ուրախ ենք, որ այս տարի վերջապես հնարավորություն ունենք վերականգնելու դասալսումների գործընթացը, այս տարի դասալսումներ իրկանացվելու են 9 և11-րդ դասարանցիների շրջանում՝ հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից, 4-րդ դասարանցիների մոտ՝ մայրենիից:

Տեսչական մարմնի ներկայացուցիչները զգուշացնում են՝ ստուգումներ են իրականացնելու Հայաստանի բոլոր մարզերում՝ մանրամասնելով. եթե դպրոցում խախտումներ արձանագրվեն, տնօրենին կտրվի պարտադիր կատարման ենթակա հանձնարարական: Խախտումներ չարձանագրելու դեպքում տեղեկանքում կգրվի՝ դպրոցում ամեն բան կարգին է:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.