Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»

 12:32 , 16.02.2022    Դիտումներ՝ 140   Armeniatoday.newsԼուրերՀասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրաին քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով, համաձայն որի` կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է: Հիմք ընդունելով առկա մարտահրավերները և կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները` նախագծում սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց:

Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես առաջին մեգանպատակն է գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն:

Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովում է շրջանավարտների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը և ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:

Վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը սահմանվել են հետևյալ ռազմավարական ուղղությունները.

• համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները ՀՀ ողջ տարածքում,

• կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում,

• կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում և համակարգերում հայկական կրթական համակարգի ամբողջական և բովանդակային ինտեգրման, ինչպես նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման վրա՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը: Գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում կրթության կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացմամբ ՀՀ կառավարությունը կհաստատի նպատակային ծրագրեր, այդ թվում՝ ազգային ծրագրեր, որոնք ծրագրային ձևաչափով կներառվեն պետական բյուջեում:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.