Բորելն առաջարկել է Ռուսաստանի սառեցված պաշարներն օգտագործել Ուկրաինան վերականգնելու համար

 16:59 , 09.05.2022    Դիտումներ՝ 608   1lurer.amԼուրերԱշխարհ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է դիտարկեն ռուսական սառեցված արժութային պահուստների օգտագործման հարցը՝ այդ միջոցներն Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու համար։ Այդ մասին ասվում է քաղաքական գործչի՝ Financial Times-ի հետ հարցազրույցում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը ծրագրել է իր վերահսկողության տակ վերցված Աֆղանստանի կենտրոնական բանկին պատկանող միլիարդավոր դոլարների ակտիվներն օգտագործել ահաբեկչության զոհերին փոխհատուցելու, ինչպես նաև Աֆղանստանին մարդասիրական օգնություն ցույց տալու համար։ Բորելը նման քայլը հնարավոր է համարել նաև Ռուսաստանի պահուստների հարցով։

Նա ընդգծել է, որ առանցքային քաղաքական խնդիրներից մեկն Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորումն է, ինչն «անհավանական գումար է պահանջում»։ ԵՄ պաշտոնյաներն արդեն սկսել են ուսումնասիրել, թե ինչպես պետք է Ռուսաստանի պաշարներն օգտագործվեն Ուկրաինան վերականգնելու համար, սակայն Բրյուսելը մինչ այժմ առաջարկներ չի արել այդ հարցում:

Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել էր, որ արևմտյան պատժամիջոցների արդյունքում սառեցվել են Ռուսաստանի մոտ 300 մլրդ դոլար ոսկեարժութային պահուստները։

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն արձագանքել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի առաջարկին՝ Ռուսաստանի սառեցված արտարժույթի ակտիվներն օգտագործել Ուկրաինան վերականգնելու համար։ Գրուշկոն դա համարել է անօրինական, որն, անկասկած, կխաթարի Եվրոպայի հանդեպ Ռուսաստանի վստահությունը։ Այդ մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Սա միջազգային հարաբերությունների հիմքի ոչնչացում է, այս որոշումները, եթե ընդունվեն, կհարվածեն հենց եվրոպացիներին, ֆինանսական համակարգին, կխաթարեն վստահությունը Եվրոպայի և ընդհանրապես Արևմուքի նկատմամբ, քանի որ սա կատարյալ անօրինություն է»,- ասել է փոխնախարարը։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.