Քոչար-Թութունջյան. փարիզյան սալոնի երկու հսկաները

 18:40 , 19.03.2022    Դիտումներ՝ 121   1lurer.amՏեսանյութերԼուրերՄշակույթ

«Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» բացառիկ ցուցադրությամբ են Երվանդ Քոչարի թանգարանն ու «Շեդևր» պատկերասրահը մասնակցում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին՝ ընդամենը 10 օր՝ մարտի 19-ից մինչև 28-ը ներկայացնելով գեղարվեստի երկու հսկաների առաջին համատեղ ցուցահանդեսը: Իրենց բուռն ստեղծագործական կյանքի մի շրջանը Փարիզում ապրած երկու արվեստագետների ժառանգությունը որքան հայկական, այնքան էլ համաեվրոպական արժեք է, և Փարիզը Քոչարին ու Թութունջյանին կապել է ոչ միայն արժեքների միասնությամբ, այլև հոգևոր եղբայրությամբ:

Կարինե Քոչար (Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն) - Երկուսն էլ 1929-36 թթ. մասնակցել են Փարիզի նույն ցուցահանդեսներին, արժանացել հայտնի նկարիչների ու արվեստաբանների հիացական գնահատականներին, շատ են մաքառել իրենց սկզբունքների ու գաղափարների համար և ջերմ ընկերներ են եղել:

Ցուցադրության մաս են կազմում Քոչարի և Թութունջյանի բնօրինակ ստեղծագործությունները՝ յուղաներկ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, նաև արխիվային նյութեր Քոչարի անձնական արխիվից: Բնօրինակների հետ ինստալյացիոն լուծումները հնարավոր մեծ ներազդեցության ուժ են ստեղծում և ընդգծում երկու նորարարների ներքին կապը, որը խորհրդանշում են հատկապես «Դեղին դիմակ» և «Սյուրռեալիստի գլուխը» գործերը:

Աշոտ Մարաբյան (ցուցադրության ինստալյացիաների հեղինակ) - Այդ երկու նկարների միջև կա կարմիր գիծ, որը ժամանակի սիմվոլն է: Գիտեք, որ նկարիչները փորձում են անցնել ժամանակի միջով և դուրս գալ ժամանակից:

«Շեդևր» պատկերասրահը, որ տարիներ առաջ կազմակերպել է Թութունջյանի ցուցադրությունը, հետևողականորեն շարունակելու է զբաղվել նրա արվեստի քարոզչությամբ, քանի որ Հայաստանում ցավալիորեն քիչ գիտեն նրան:

Աբրահամ Գրիգորյան («Շեդևր» պատկերասրահի տնօրեն) - Արվեստի մարդիկ գիտեն նրան, բայց հանրությունը՝ ոչ: Եվ սա մի հեղինակ է, որի գործերը պահվում են «Պոմպիդու» կենտրոնում՝ Դալիի և Պիկասոյի հետ միասին:

2024-ին լրանում է Քոչարի 125-ամյակը, և հոբելյանին ընդառաջ թանգարանը սկսում է «Աշխարհին վերադարձնել Քոչարին» նախագիծը. այսուհետև փորձելու են ցանկացած նոր նախաձեռնությամբ այդ տեսլականը մոտեցնել իրականությանը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.