Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին, Երերույքի տաճարը և Տավուշի բերդը կնորոգվեն․ 2022–ին բարեկարգվող հուշարձանների ցանկը պատրաստ է

 18:58 , 25.02.2022    Դիտումներ՝ 140   hy.armradio.amԼուրերՄշակույթ

Գոշավանք վանական համալիրից՝ միայն Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը, իսկ Դիլիջանի Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ ամբողջությամբ․ կառավարությունը որոշել է 2022–ին վերանորոգել վանական համալիրներ, հուշարձաններ, նաև՝ թանգարան։ Դրա համար պետբյուջեով 236 միլիոն դրամ հատկացվել։ 108 միլիոն դրամը տրամադրվել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ին։ Այստեղ հստակեցրել են ցանկը այն հուշարձանների, որոնք կվերանորոգվեն այս տարվա ընթացքում։ «Ռադիոլուր»-ը զրուցել է ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Վանյանի հետ․

«Մենք ունենք նաև հավելյալ 128 միլիոն դրամ, բայց այս պահին հստակեցված է 108 միլիոն դրամ՝ տարբեր հուշարձանների վերոնորոգման համար։ Տավուշի մարզի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքն ենք վերանորոգելու, Սանահինի տանիքը նույնպես, Քոբայրավանքում են վերանորոգման և ամրակայման աշխատանքներ տարվելու, հիմնահատակ վերանորոգվելու է նաև Դիլիջանի Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի շենքը»,-ասում է Վանյանը։

Վերանորոգվող հուշարձանների ցանկում են նաև Սրվեղի եկեղեցին, Լոռու մարզի Սուրբ Նիկոլայ եկեղեցին, Տավուշի բերդը։ Դիլիջանի Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը միակն է հուշարձաններիր շարքում, որ թանգարանի կարգավիճակ ունի, թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի խոսքով՝ երկար են սպասել այս ծրագրին․

«Տարիներ առաջ կար նախագիծ՝ շենքը վերանորոգելու, բայց տարբեր պատճառներով աշխատանքները չսկսվեցին։ Հիմա իսկապես շատ ուրախ ենք, որ թանգարանի շենքը կվերանորոգվի և այցելուների համար կդառնա ավելի լավը, ավելի դիմացկուն։ Այս պահին շինության հատակը և տանիքը բավականին վատ վիճակում են»,-ասում է Լուսինե Թորոյանը։

Հավելյալ 128 միլիոն դրամը նախատեսել են հուշարձանների պահպանության և պեղումների համար։ Տավուշի բերդում, Հարություն Վանյանի խոսքով, 2021-ին սկսած պեղումները կշարունակի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Բերդի պարիսպները կամրակայվեն։ Աշխատանքներ կիրականացվեն նաև Լոռու բերդի տարածքում․ հարավարևմտյան հատվածում և երկու բաղնիքների մերձակայքում պեղումներ կանցկացնեն։ Այս դեպքում դրանցով կզբաղվի ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ը։ Շատիվանքը, Բարձաքաշ Սուրբ Գրիգորի վանքը, Երերույքի տաճարը նույնպես վերանորոգվելու են, բայց այս տարի աշխատանքները չեն հասցնի ավարտել։ Ինչպե՞ս են ընտրվել այս հուշարձանները․

«Հուշարձաններն ընտրելիս հաշվի ենք առնում կառավարության ռազմավարական ծրագիրը, պետք է ուշադրություն դարձնենք պետության խորհրդանիշ համարվող հուշարձաններին։ Հետո նայում ենք, թե ինչ վիճակում են, ինչ վտանգվածության աստիճան կա։ Վտանգված հուշարձանները հասնում են հազարների, բայց հաշվի ենք առնում նաև հանգամանքը, թե որքան մարդ է այցելում այս կամ այն հուշարձանը, վանքը տեսնելու։ Փորձում ենք ներառել նաև բոլոր այն ծրագրերը, որոնք կիսատ են մնացել և ավարտի կարիք ունեն»,-ասում է Հարություն Վանյանը։

Առաջիկայում նաև Ամբերդ ամրոցը վերանորոգելու, պարիսպներն ամրակայելու ծրագրեր կան, ե՞րբ կսկսվեն աշխատանքները՝ Հարություն Վանյանը չմանրամասնեց։



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.