Հայհոյանքը կշարունակի քրեորեն հետապնդելի լինել․ ՍԴ-ն հրապարակել է որոշումը

 19:12 , 29.04.2022    Դիտումներ՝ 745   hy.armradio.amԼուրերԻրավունք

Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեկանացնող հոդվածը ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Օրենքի փոփոխությունն արվել էր 2021-ի ամռանը, քրեական օրենսգրքում ավելացել էր նոր հոդված, որով բարձր տուգանքներից մինչև եռամսյա կալանք էր սահմանվել հրապարակային ծանր վիրավորանքի համար։ Օրենսդրական փոփոխությունը միանշանակ չէր ընդունվել ընդդիմադիր գործիչների և իրավապաշտպանների շրջանում։ Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան։

ՍԴ-ն քննել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ներկայացրած դիմումը և որոշել, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց ՍԴ մամուլի պատասխանատու Եվա Թովմասյանը։ Մարտի 22-ին նախկին օմբուդսմենը հայտնել էր, որ ՍԴ-ն քննելու է «Ծանր վիրավորանքի»՝ սահմանադրությանը համապատասխանելու մասին հարցը։ Նա, մասնավորապես, նշել էր․

«Այն ժամանակ դա 67 էջ վերլուծություն էր, բայց հիմա արդեն մի քանի հարյուր էջ կպահանջվեր այդ հոդվածի առաջացրած բոլոր խնդիրները ներկայացնելու համար: ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ի հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել»:

Արման Թաթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ որոշմանը կանդրադառնա հիմնավորումներին ծանոթանալուց հետո միայն, երբ այն հրապարակվի։ ՍԴ-ի այս որոշումը տարակուանք է առաջացնում իրավապաշտպանների շրջանում, նրանք կարծում են, որ վիրավորանքից և զրպարտությունից պետության ղեկավարները չպետք է ավելի պաշտպանված լինեն, քան շարքային քաղաքացինը։ Իսկ օրենքի ընդունումով ստեղծվում է արտոնյալ խմբեր՝ ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Երբ վիրավորանքն ու զրբարտությունը ապաքրեականացվում են, իսկ դրանք ապաքրեականացվել են 2010թ-ին, վերցնել վիրավորանքի ինչ-որ մի մաս և քրեականացնել դա ուղղակի հետընթաց է և մեկ քայլ հետ է։ Բացի այդ միջազգայի կազմակերպությունները քննադատելիս այդ փոփոխությունը խորհուրդ էին տալիս իշխանություններին չկիրառել այն և նույնիսկ չեղարկել»։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ ծանր վիրավորանքի հոդվածով 802 քրեական գործ է հարուցվել, 9 ամսում։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 48 գործ

«Այս իմաստով հատկանշական է, որ հարուցված քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանք հասցնելը վերագրվել լրագրողի, 38 դեպքում՝ քաղաքան գործունեությամբ զբաղվող անձանց և 762 դեպքում՝ այլ անձանց: Վերջինս փաստում է, որ նախ՝ որևէ հիմք չունեն պնդումներն այն մասին, որ ինչպես նշված արաքի քրեականացումը, այնպես էլ դրանցով քրեական գործերի և քրեական հետապնդումների հարուցումն ուղղված է մամուլի ազատության, ազատ խոսքի դեմ, կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց անհիմն հետապնդման ենթարկելուն, կամ կոնկրետ անձանց քննադատությունից պաշտպանելուն»,-ասում է Աշոտ Մելիքյանը:

6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է, նշված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովն հայհոյանքը քրեականացնելու օրինագիծն ընդունել էր նախորդ տարի հուլիսի 30-ին։ Քրեական օրենսգրքում ավելացել էր նոր` 137.1 հոդվածը, որը վերնագրված է՝ «Ծանր վիրավորանք»։

«Ծանր վիրավորանքը» ապաքրեականացնելու կոչով Հայաստանին են դիմել միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Օրենքը քննադատել էր նաև հեղինակավոր Freedom House-ը՝ Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով «անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։ Հայաստանի իշխանությունները օրենսդրական կարգավորումը զսպող ու ժամանակավոր քայլ են համարում՝ հիմնավորելով, որ այն արվել է ատելության խոսքի վտանգավոր ծավալներով տարածումը կանխելու նպատակով։



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.