2021 թվականին տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող հանցագործությունները բացահայտվել են․ ՀՀ փոխոստիկանապետ

 17:18 , 18.03.2022    Դիտումներ՝ 115   Tert.amԼուրերԻրավունք

Հայաստանում անչափահասների կողմից հանցավորության կանխարգելման ուղղությամբ իրականցված կանխարգելիչ բնույթի մեծածավալ աշխատանքների արդյունքում 2021 թվականի ընթացքում 48 դեպքով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը:

Արմենպրեսի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փաստեց, որ 2021 թվականին, չնայած հանցագործությունների թվի աճին, բարձրացել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը:

«Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթում քննվող 37510 հանցագործության դեպքերից բացահայտվել են 21636-ը, իսկ 2022 թվականի երկու ամիսների ընթացքում դրական ցուցանիշներ են արձանագրվել հանցագործությունների բացահայտման աշխատանքներում: Բաժնում քննվող 16107 հանցագործության դեպքերից բացահայտվել է 7179-ը»,-ասաց նա:

Արամ Հովհաննիսյանը նշեց, որ 2021 թվականին տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող հանցագործությունները բացահայտվել են, դրանցից առանձնացրեց Քանաքեռում տեղի ունեցած 4 անձի սպանության, Հաղթանակի զբոսայգու դիմաց տեղի ունեցած կնոջ և Մոսկվա Կինոթատրոնի մետ տեղի ունեցած քրեական հեղինակության ընկերոջ սպանության դեպքերը:

«Կարևորելով սպանության փորձի կանխարգելման և բացահայտման աշխատանքները նշեմ, որ արդեն 2022 թվականի երկու ամիսների ընթացքում 4 դեպքով նվազել են սպանության և 5 դեպքով սպանության փորձի դեպքերը: Ընդ որում, արձանագրված 4 սպանության դեպքերից 3- բացահայտվել են 1-ը, ըստ հավաստի տեղեկությունների, ինքնասպանության դեպք է և շուտով կբացահայտվի»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը առանձնահատուկ անդրադարձավ թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդրին: Նշեց, թեև այդ ուղղությամբ ունեն հայտնաբերման աճ, այդուհանդերձ անհանգստացնող է այն, որ դրանց իրացումը տեղափոխվել է վիրտուալ տիրույթ և իրականացվում է ինտերնետային տարբեր ռեսուրսների միջոցով:

«Այս ուղղությամբ ոստիկանությունը իրականացնում է ոչ միայն օպերատիվ հետախուզական գործողություն, այլ ներդնում է ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Նշեմ, որ արդեն իսկ քրեական ոստիկանությունում ձևավորվել է համակարգչային ոլորտում կատարվող հանցագործությունների հակազդման նոր ստորաբաժանում: Այս ոլորտում ակտիվացվել է համագործակցությունն այլ, հատկապես հարևան երկրների հետ, վերջիններիս կարողությունները և առաջատար փորձը ոստիկանությունում ներդնելու, ինչպես նաև աշխատանքները փոխհամագործակցված իրականացնելու ուղղությամբ»,- եզրափակեց Հովհաննիսյանը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.