2 ցուցակ․ մեկը՝ Ազգային ժողովից, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակից

 20:32 , 12.05.2022    Դիտումներ՝ 914   hy.armradio.amԼուրերՔաղաքականություն

Համացանցում շրջանառվում է մի ցուցակ, որում ընդդիմադիր այն 14 պատգամավորների անուններն են, որոնք հատել են բացակայությունների թույլատրելի շեմը: ԱԺ կանոնակարգ օրենքի 156–րդ հոդվածը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգ է նախատեսում, եթե պատգամավորը մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է ։

Բացի այս ցուցակից՝ կա ևս մեկը, որի մասին արդեն ընդդիմադիրներն են խոսում։ Խոսքը ժամանակավոր կառավարություն ձևավորելու ընդդիմադիրների հայտարարության և 250 հավակնորդների ցուցակի մասին է։

«Ռադիոլուր»–ը դիմեց ԱԺ և ստացավ այն 10 պատգամավորների անունները, որոնց բացակայությունների թիվը մոտենում է սահմանագծին։ Նրանց մանդատներից զրկելու գործընթաց դեռ չի սկսել՝ հստակեցնում են խորհրդարանից և բացատրում՝ ԱԺ հերթական նստաշրջանն ավարտվում է հունիսի 17–ին, դեռ քվեարկություններ կան, իսկ մանդատից զրկելու գործընթացը կարող է սկսվել, եթե պատգամավորն անհարգելի բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից։

Այս պահին պատկերը հետևյալն է․ԱԺ–ում տեղի է ունեցել 193 քվեարկություն և գրանցում։ Անհարգելի բացակայող պատգամավորների ցուցակը գլխավորում է «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը՝ 128 բացակայությամբ։ 100–ից ավելի բացակայություններ ունեն Արմեն Չարչյանը, Արթուր Վանեցյանը, Անդրանիկ Թևանյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը։ 99–98 բացակայություններով ցուցակը եզրափակում են Արթուր Ղազինյանը, Լիլիթ Գալստյանը և Վահե Հակոբյանը։

8–րդ գումարման Ազգային ժողովի ձևավորման օրվանից ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պարբերաբար բոյկոտում են նիստերը։ ԱԺ դահլիճում ընդդիմադիր պատգամավորներին հազվադեպ են տեսնում։ Ընդդիմադիրներն այս օրերին հրապարակում են և չեն պատրաստվում վերադառնալ խորհրդարան։ Ավելին՝ հայտարարում են ժամանակավոր կառավարության ձևավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին։ Անունները դեռ չեն գաղտնազերծում, բայց պաշտոնների հավակնողների ցուցակում կա 250 անուն՝ բացահայտել է ԱԺ–ի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Անհրաժեշտ է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Այդ կառավարությունը չի լինելու որևէ անհատի, որևէ քաղաքական ուժի կամ կուսակցության կառավարություն։ Նոր կառավարությունը պետք է Սփյուռքի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ ձևավորի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր։ Ովքե՞ր են այդ մարդիկ։ Մենք հրապարակելու ենք շուրջ 250 քաղաքացիների, պրոֆեսիոնալ անհատների անուններ, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, փորձառություն, հայրենասեր են, ունեն կամք, վճռականություն և պատրաստակամ են երկիրը այս վիճակից դուրս բերելու։ Կան այդ մարդիկ, կան այդ ցուցակները»։

Ընդդիմության՝ առաջիկա օրերի գերնպատակը, սակայն, այլ է։ Ավելի առաջնահերթ խնդիրը նախօրեին ձևակերպել էր Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովուրդ, պետք է թիվը ավելացնենք։ Մեր ակցիաների քանակը և մասնակիցների թիվը պետք է ավելացնենք։ Այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ պետք է աշխատենք»։

Մարդկանց քանակի ավելացման հարցը քաղաքացիները և ընդդիմադիրների մի մասը կապում են հրապարակում արդեն ներկա որոշ գործիչների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թեմային անդրադարձել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը․

«Այս հրապարակում կան շատ մարդիկ, որոնք մեզ համար անընդունելի են, կան մարդիկ, որոնք խոսում են ընդդիմադիր դիրքերից և նույնականացվում են մեզ հետ, բայց մենք այդ մտքերի հետ համաձայն չենք որևէ կերպ։ Խնդրում եմ, նայեք հարթակին։ Մենք որոշ չափով պատասխանատու ենք հարթակից ելույթ ունեցող մարդկանց համար։ Մնացածն ազատ են։ Հիմա որ այստեղ ինչ–որ մեկը գա, վրան խփի և սկսի պայքարել, ես չեմ կարող ասել՝ ընկեր, գնա այստեղից։ Սա մեր երկիրն է»։

Իսկ քանի դեռ «կրիտիկական զանգված» հասկացությունը ձևավորված չէ, ընդդիմադիրները շարունակելու են իրազեկման ակցիաները և հանրահավաքները։ Մինչդեռ խորհրդարանից ԱԺ նախագահը օրեր առաջ արդեն հստակ ուղերձ էր ձևակերպվել․

«Ես ուզում եմ հասկանալ՝ լավ, բա այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու։ Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ։ Սրա պատասխանը դուք պետք է տաք՝ ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու»։

Սիմոնյանի ներկայացմամբ՝ հասկացել են, թե ինչու է ընդդիմությունը պարբերաբար մտնում ԱԺ դահլիճ, որևէ առիթով բոյկոտի կամ ակցիայի մասին հայտարարում և դուրս գալիս։ Ըստ ԱԺ նախագահի՝ սխեման հետևյալն է․

«Որպեսզի սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշվին։ Խմբակցությունը հանգիստ կարող էր հայտարարություն տարածել և ընդհանրապես չգալ այս դահլիճ։ Բայց չէ, պարտադիր պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին՝ ասելով, որ սա քաղաքական ակցիա է, խնդրում են իրենց բացակաները համարել հարգելի և աշխատավարձից չպահել»։

Ընդդիմադիր պատգամավորներին տևական ժամանակ չեն հանդիպում նաև մշտական հանձնաժողովների նիստերում։

Ընդդիմությունը սրտնեղում է, որ խորհրդարանական կառավարման համակարգով նախատեսված լծակները թույլ չեն տալիս գործնական մասնակցություն ունենալ երկրի կառավարմանը։ Իշխանությունը հակադարձում է՝ խորհրդարանական կառավարման համակարգում իշխանության մաս է և պատասխանատվություն է կրում նաև ընդդիմությունը։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.