Հայ-ամերիկյան գործակցության առանցքային խնդիրը՝ Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյան

 22:08 , 07.05.2022    Դիտումներ՝ 603   1in.amԼուրերՔաղաքականություն

2015-ի մայիսին Սերժ Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Վաշինգտոն, ինչի հիմնական առիթը ցեղասպանության 100-րդ տարելիցն էր ու դրա հետ կապված միջոցառումները: Վաշինգտոնի գլխավոր տաճարում տեղի ունեցավ արարողություն, որին մասնակցեցին ԱՄՆ փոխնախագահ Բայդենը, ՄԱԿ-ում այն ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչ, ներկայումս ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փոուերը: Նրանք համարվում էին նախագահ Օբամայի դեմոկրատ վարչակազմի «բազեներից»՝ այդ թվում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի իմաստով:

Նույն այցի շրջանակում ստորագրվեց հայ-ամերիկյան ներդրումային համաձայնագիրը: 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցավ ներդրումային համաժողով, որին մասնակցում էին Հայաստանի՝ այդ պահին նոր կառավարության նախարարներ, այդ թվում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Այդ ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Ջոն Հեֆֆերնը, հետո Ռիչարդ Միլզը պարբերաբար հիշատակում էին Ամուլսարի ներդրումային ծրագիրը, որպես հայ-ամերիկյան ներդրումային հեռանկարների ինդիկատոր: Արևմտյան փաստացի խոշորագույն ներդրումային այդ ծրագիրը Հայաստանում առաջ էր ընթանում չափազանց դանդաղ, ինչն էլ դառնում էր ԱՄՆ դեսպանների ուշադրության առարկան: Նրանք պարբերաբար հայտարարում էին, որ այդ ծրագրի հեռանկարից է կախված հետագա ներդրումային գործակցության արդյունավետությունը: Այլ կերպ ասած, դիվանագիտականից շատ ավելի ուղիղ իմաստի վերածելու դեպքում, միտքը հետևյալն էր՝ Ամուլսարի ծրագրի իրականացումը թույլ կտա մտածել Հայաստանում այլ ներդրումային ծրագրերի մասին, այլապես՝ ներդրումներ չեն լինի:

2018 թվականից այդ ծրագիրը մտավ մի նոր «ոդիսականի» շրջափուլ, շատերին թերևս հայտնի արգելափակումով: Ահա այդ համատեքստում, ուշադրության է արժանի այն, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վաշինգտոնյան ամփոփիչ փուլին ընդառաջ, տևական՝ մոտ երկամմյա դադարից հետո Ամուլսարի ծրագիրը վերստին հայտնվեց ԱՄՆ գործնականում պաշտոնական ուշադրության կենտրոնում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ապրիլի 20-ին այցելեց Ամուլսար, հույս հայտնելով, որ ներդրումային ծրագրի շուրջ իիրավիճակը կհանգուցալուծվի դատաիրավական թափանցիկ գործընթացով: Դեսպան Թրեյսին միաժամանակ խոսել էր բնապահպանական բարձր և արդիական ստանդարտի, տեխնոլոգիապես արդիական հանքարդյունաբերության կարևորության մասին: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ տևական դադարից հետո դեսպանի այցն Ամուլսար և ուշադրության արտահայտումը ծրագրի հանդեպ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի մոսկովյան այցին զուգահեռ, անմիջապես հաջորդելով հայ-ռուսական համատեղ հայտարարությանը, որում կային հանքարդյունաբերության ոլորտին առնչվող ուշագրավ ձևակերպումներ:

Այդպիսով, գրեթե ակնառու է, որ հայ-ամերիկյան խոսակցության օրակարգում իր առանցքային տեղն ունի խոշորագույն ներդրումային ծրագրի ճակատագիրը, թերևս առ այսօր բավականին բարդ ճակատագիրը: Այդ իմաստով, Հայաստանի առաջ խնդիրները թերևս շատ ավելի հստակ են ու առարկայական, քան այն «քնարականությունը», որին ենթակա է հայ-ամերիկյան գործակցության ու հարաբերության հարցը հայաստանյան որոշ քաղաքական և մեդիափորձագիտական շրջանակներում: Իսկ այդ խնդիրներն ունեն լուծումների, այլ ոչ «քնարերգության» կարիք:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.