«Ռոսիա 24»-ը Երևանի ցույցերը լուսաբանելիս օգտագործել է Փարիզի և Բեռլինի ցույցերի կադրերը

 22:19 , 03.05.2022    Դիտումներ՝ 1415   1lurer.amՏեսանյութերԼուրերՔաղաքականություն

Ոչ թե Երևան, այլ Փարիզ և Բեռլին: Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը մայիսի 2-ի առավոտյան լուրերի եթերում անդրադարձել է Երևանում ընդդիմության բողոքի ցույցերին, սակայն օգտագործված կադրերը Երևանում անցկացվող ցույցից չեն: Կադրերը վերցված են այս օրերին Փարիզում և Բեռլինում անցկացվող ցույցերից: Օրինակ՝ երեկոյան ժամին ոստիկանների հետ բախման տեսարանը, մայիսի 1-ին Բեռլինում անցկացված ցույցից է:

Լիլիթ Մինասյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ) - Կարծում եմ, որ դա աշխատանքային վրիպակ է և բացարձակ միտում չի ունեցել հայաստանյան ներքաղաքական իրականությունը խեղաթյուրելու, մեր ռուս գործընկերները կդրսևորեն բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ուղղելու այդ վրիպակը, քանի որ Հայաստանում ներքաղաքական դաշտում դա շահարկումների ու տարակարծությունների առիթ է տվել:

Ըստ «Ռոսիա 24» հեռուստաալիքի տեսանյութի ոստիկանության և ցուցարարների բախման ժամանակ Հայաստանում կիրառվում են հատուկ միջոցներ, մինչդեռ վերջին օրերին Երևանում անցկացվող ընդդիմության ցույցերի ժամանակ ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ ցուցարարների կողմից նման դեպքեր չեն գրանցվել։

Լիլիթ Մինասյան - Հայաստանում 2018-ից այս կողմ արցունքաբեր գազ և ոստիկանական հատուկ գործողություններ չեն իրականացվել:

«Լուրեր»-ը կապ հաստատեց «Ռոսիա 24» հեռուստաալիքի հետ՝ տեղի ունեցածի մասին պարզաբանում ստանալու համար, հեռուստաընկերության տեղեկատվական կենտրոնից փոխանցեցին.

«Մենք մանրամասներին չեն տիրապետում ձեր հարցի հետ կապված, բայց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը առավոտյան կապ է հաստատել հեռուստաընկերության հետ, դեսպանատնից կարող եք մանրամասները ճշտել»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից մեզ փոխանցեցին՝ «Ռոսիա 24» հեռուստաընկերությունից բանավոր պատասխանել են, որ տեխնիկական սխալ է եղել: Ի դեպ այդ տեսանյութը որոնողակական համակարգով համացանցում գտնել արդեն չի հաջողվում:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.