Իշխանասարի դպրոցը ռեկորդային թվով աշակերտներ ունի

 15:03 , 16.02.2022    Դիտումներ՝ 168   1lurer.amՏեսանյութերԼուրերԿրթություն

Իշխանասարի հիմնական դպրոցի աշակերտներն են: Բոլորը լավ գիտեն՝ որտեղ է գտնվում այն գագաթը, որի անունով իրենց գյուղն է կոչվում: Դպրոցը երբեք այսքան շատ աշակերտ չի ունեցել, սա ռեկորդային ցուցանիշ է՝ նշում է տնօրենը:

Լիանա Մովսիսյան (Իշխանասարի հիմնական դպրոցի տնօրեն) - Ամեն տարի առաջին դասարան եկող աշակերտներ ունենք, որ արդեն ուրախալի է, ծնելիություն ունենք գյուղում, որ բավական բարձր է:

2011-ին աշակերտների թիվը 16 էր: Այս պահին, սակայն, հիմնական դպրոցում սովորում է 56 աշակերտ: Ամեն դասարանում` 6-7 երեխա:

Լիանա Մովսիսյան - Նաև ունենք մի քանի աշակերտներ, որոնք Սիսիան քաղաքից են գալիս էստեղ:

Նրանցից մեկն էլ Ավետն է, ամեն առավոտ Սիսիանից գալիս է Իշխանասարի դպրոց. Պատճառը՝

Ավետ Սիմոնյան - էստեղ ուսուցիչները լավն են, ուսուցումը լավն է, հետաքրքիր է այստեղ սովորելը:

Դպրոցին կից գործում է նախակրթարան, և երեխաներին մանկապարտեզ տանելու համար Սիսիան հասնելու կարիք չկա: Փետրվարի 1-ից դպրոցում գործում է նաև Արմաթ լաբորատորիան: 44-օրյա պատերազմից հետո գյուղում քիչ չեն վերաբնակեցվածները:

Նարինե Պողոսյան - Մարդիկ եկել են, տներ են գնել, հիմնավորվել են, եթե խուճապ լիներ կամ վատ լիներ, մարդիկ էստեղ չէին գա և հիմնական բնակություն չէին հաստատի:

Գյուղում կյանքն իր առօրյա ուղեծրից չի շեղվել երբեք: Ինչպես մայիսյան, այնպես էլ նոյեմբերյան զարգացումների ժամանակ ու հետո շարունակել են իրենց սովորական աշխատանքային առօրյան:

Վարյա Անդրեասյան (Իշխանասարի համայանքապետարանի եկամուտների բաժնի երկրորդ կարգի մասնագետ) - Ոչ մեկն էլ տեղափոխվելու մտադրություն չունի, ապրում ենք մեր առօրյա կյանքով, մի օր էր եկավ, անցավ:

Գյուղը գազիֆիկացված է, լույս, խմելու ջուր՝ ամեն ինչ ունեն, միայն ոռոգման ջուրն է խնդիր: Եթե հարցը լուծվի, իրենց բերրի հողը առատ բերք կտա:

Նարինե Պողոսյան - Բոլորս էլ հանգիստ, մեր առօրյայով ապրում ենք: Դպրոցը նորմալ գործել է էդ օրերին, երեխաները հաճախել են դպրոց, ոչ մի ընտանիք էստեղից դուրս չի եկել:

Եթե գյուղը սահմանամերձ ճանաչվի, կոմունալ ծախսերի 50 տոկոսը պետությունը կվճարի: Դա սոցիալական խնդիրները կմեղմի՝ նշում են գյուղացիներն ու պետությանն առաջարկում փոխել նպաստի տրամադրման կարգը՝ նպաստները գյուղացուն ծույլ են դարձնում, իսկ գյուղում անելու այնքան բան կա:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.